Գորիսում օրերս տեղի ունեցած միջադեպը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ 27-ամյա Էյնար Խաչատրյանի մասնակցությամբ մեկ այլ ծեծկռտուքի շարունակությունն է եղել: Այս մասին հաղորդում են Գորիսում NEWS.am-ի աղբյուրները։
Ըստ աղբյուրի, դեպքից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Գլորիա» գիշերային ակումբում, որի սեփականատերը Սուրիկ խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է։ Հիշեցնենք՝ վերջինը մեղադրվում էր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի գործով։
Հենց բացման օրը ծեծկռտուք է սկսվել ակումբում՝ «Կուլակ» մականունով Գուրգեն Հարությունյանի երկու որդիների՝ Գոռ եւ Արթուր Հարությունյանների մասնակցությամբ: Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը օրեր անց որոշել է հաշվեհարդար տեսնել երկու եղբայրների հետ:
Հիշեցնենք, միջադեպից հետո լուր տարածվեց, որ Էյներ Խաչատրյանը ներխուժել է «Կուլակի» տուն, ծնողների աչքի առջեւ ծեծի ենթարկել նրանց երկու որդիներին, դանակահարել մորը եւ առեւանգել որդիներին։ Թեւ ոստիկանությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Արթուր եւ Գոռ Հարությունյանները ներկայացել են ոստիկանություն, իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել դանակահարություն, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ մամուլի հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում, եւ հանցակազմ պարունակող ոչինչ չի եղել, հետեւաբար քրեական գործ չի հարուցվելու։ Նշենք, որ եղբայրներն այժմ տանն են, նրանք նույնպես հերքում են, որ ծեծ եւ դանակահարություն է եղել։





























