Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուշացումը ոչ մի ճնշման հետեւանք չէ: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող, իսկ այս թեման արծարծելը նշանակում է մոռանալ երկրի իմիջի մասին:

«Խնդրում եմ, մի մոռացեք, որ  21-րդ դարում անգամ հայերեն, առավել եւս՝ ռուսերեն եւ անգլերեն ասված  ցանկացած խոսք կարող է որոշակի շրջանակների սեւեռուն ուշադրության առարկա դառնալ: Գիտեք արդյոք, թե որքան հաճախ են ադրբեջանցի հասարակական գործիչները մեջբերում հայ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքերից եւ մամուլից: Ես բացառում եմ մեր երկրում գրաքննության անհրաժեշտությունը, բայց խնդրում եմ ղեկավարվել հետեւյալ սկզբունքով»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ պարզապես պետք է ավելի զգույշ լինել արտահայտություններում: