Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի կարիքն ունի ոչ պակաս, քան Հայաստանը՝ նրանը: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Առանց Հայաստանի, հավելել է նա, Միության հարավային սահմանները կսահմանափակվեն Հյուսիսային Կովկասով: Իսկ Հայաստանը սահմանակից շրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տնտեսական եւ աշխարհաքաղաքական ազդեցության հնարավորություն է ստեղծում:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա ազգային շահերը շատ հուսալի ձեռքերում են՝ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքերում», - ընդգծել է Աշոտյանը: Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացում ՀՀ իշխանությունները չեն կայացրել եւ չեն կայացնի այնպիսի որոշում, որը կասկածի տակ կդներ Հայաստանի եւ ԼՂՀ-ի տնտեսական, ռազմական, կրթական միասնական տիրույթը:

«Հայկական երկու պետությունները միասնական տիրույթ ունեն բոլոր բնագավառներում՝ բացի քաղաքականից, որտեղ ԼՂՀ-ն ինքնուրույն է որոշումներ կայացնում», - ամփոփել է Արմեն Աշոտյանը: