Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեյլա Յունուսի գործով խիստ հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է haqqin.az կայքը:
«Լեյլա եւ Արիս Յունուսովները, առանց հարգալից պատճառ ունենալու, չեն ներկայացել քննչական վարչության կողմից ծանր հանցագործության շրջանակում տարվող հարցաքննությանը: Ապրիլի 25-ին, 28-ին եւ 29-ին, անտեսելով հարցաքննության ներկայանալու ծանուցագրերը, Յունուսով ամուսինները օրենքի խախտմամբ չեն ներկայացել դատախազություն», - ասվում է հաստատության մամուլի ծառայության կողմից տարածված արտակարգ հայտարարության մեջ:
Բացի այդ, Լեյլա Յունուսը լրատվամիջոցների եւ սոցցանցերի միջոցով ցուցադրաբար հայտարարել է, թե ցուցմունքներ չի տալու եւ գլխավոր դատախազության կողմից ուղարկված ծանուցագրերը չընդունելու վերաբերյալ արձանագրություն չի ստորագրելու: Այդ առթիվ նրա ներկայացուցիչ Հալիդ Բաղիրովը զգուշացվել է, որ համաձայն Ադրբեջանի ՔՕ 178 հոդվածի, կանխամտածված կերպով պետական մարմիններ հարցաքննության չներկայացած եւ հարցաքննությունից խուսափելու ակնհայտ վարք ցուցաբերած, ինչպես նաեւ քննության ընթացքը խանգարող քաղաքացիների նկատմամբ կարող են ծայրահեղ միջոցներ ձեռնարկվել: Մասնավորապես, գլխավոր դատախազությունը Լեյլա Յունուսի փախանման միջոցը ձերբակալություն սահմանելու միջնորդությամբ կարող է հանդես գալ:
Մինչ այդ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, որ բարիկադավորվել է սեփական բնակարանում եւ հրաժարվում է հարցաքննության ներկայանալ, տան բակում ճեպացրույց է տվել լրագրողներին եւ հայտարարել, որ իշխանությունները ցանկանում են ձերբակալել իրեն, սակայն չեն դիմի այդ քայլին, քանի դեռ հարեւանությամբ լրագրողներ կան, ուստի եւ խնդրել է նրանց չհեռանալ:
Նշենք, որ իրավապաշտպանը հայտարարում է, թե չի ներկայանա հարցաքննության, քանի դեռ իր անձնագիրը չի վերադարձվել:





























