Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր՝ մայիսի 30-ին, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցություններին կոչ արեց համատեղ մշակել ավագանու նախագիծ, որով չեղյալ կհամարվի ավագանու ապրիլի 30-ի աղմկահարույց որոշումը խորհրդային տարիների հակասական պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու վերաբերյալ:
«Բազմաթիվ փաստեր կան, որ այն ժամանակաշրջանում Միկոյանը հլու-հնազանդ կատարել է Ստալինի հրամանները: Ապրիլի 30-ին ավագանին որոշում է կայացրել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին: Արձանի տեղադրումը թույլ տված ավագանու անդամները կամ անտեղյակ են նրա անցյալից, կամ իմանալով, իրենց այդ քայլով կարեւորել են հայերի գնդակահարությունները: Հանրային կարծիքն ակնհայտորեն դեմ է Երևանում Միկոյանի արձանը տեղադրելուն»,- ասաց Դավիթ Սանասարյանը եւ դիմելով քաղաքապետին՝ հարցրեց՝ արդյոք նա պատրաստվում է շտկել իրավիճակը, և արդյոք իրենց նախաձեռնած նախագիծը ներայացնելու դեպքում պատրաստ է կազմակերպել նիստ ու թույլ չտալ, որ արձանը կանգնեցվի:
Սանասարյանի հարցին պատասխանեց ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը, որը նշեց, որ ոչ մի հիմնավոր փաստաթուղթ չկա, որն ապացուցում է, որ «Միկոյանը մեղք է գործել»։
Գագիկ Բաղդասարյանի խոսքի ընթացքում անընդհատ տեղից ռեպլիկներ էր անում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Քաղաքապետի՝ չխանգարելու հորդորին տիկին Բախշյանը տեղից աձագանքեց. «Ուզում եմ խանգարեմ, որ պարոն Բաղդասարյանը մաքուր լինի»:
Դավիթ Սանասարյանի դիտողությունից հետո, որ իր հարցն ուղղված էր հենց քաղաքապետին, Տարոն Մարգարյանը նշեց, որ ինքը համամիտ է Գագիկ Բաղդասարյանի հետ:
«Մինչև հիմնավոր պատճառներ չլինեն, փորձաքննություն արված չլինի… Պետք է հիմնավորում լինի, թե ինչու ենք ավագանու որոշումը չեղյալ համարում»,-ասաց քաղաքապետը:
NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք որոշման նախագիծը կներկայացնեն մոտակա օրերին։




























