Ուկրաինայում աշխատող ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը չի հաստատում Դոնեցկում իր չորս ներկայացուցիչների ազատման լուրը, որը տարածել էին ռուսական լրատվամիջոցները: Այս մասին Fаcebook-ում գրել է ԵԱՀԿ առաքելության մամուլի ծառայությունը:
«Առաքելությունը մինչ այժմ չի կարողանում կապվել Դոնեցկի մարզում աշխատող իր գործընկերների հետ. նրանց հետ կապ չկա մայիսի 26-ից: Դոնեցկի խմբում 4 միջազգային դիտորդ կա», - ասվում է մայիսի 30-ի հաղորդագրությունում:
ԵԱՀԿ-ից փոխանցում են, որ մայիսի 29-ին՝ 19:00-ին, դիտորդական հատուկ առաքելությունը կորցրել էր կապը Լուգանսկի մարզում աշխատող իր թիմի մի քանի անդամների հետ:
Խմբի կազմում են միջազգային չորս դիտորդ եւ ուկրաինացի թարգմանիչ: Թիմը երկու մեքենայով է տեղափոխվում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով «Լուգանսկի ժողովրդական ճակատի» ղեկավար Ալեքսեյ Չմիլենկոյի հայտարարությունը, փոխանցել էին, որ ԵԱՀԿ չորս ներկայացուցիչների ձերբակալել էին փաստաթղթերը ստուգելու համար եւ արդեն ազատ են արձակել:





























