Մասնագիտական պարտքը կատարելիս անցած տարվա ապրիլի 19-ին վթարի ենթարկված բժիշկ Արմեն Մկրտչյանը տասը օր առաջ մեկնել է Ստրասբուրգ, որտեղ առաջիկա օրերին վիրահատելու են ողնաշարն ու միզապարկը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արմենի կնոջ հարազատները:
«Նախարարությունն այդպես էլ ոչ մի կոպեկով չօգնեց, տղաս է Մոսկվայից գումար ուղարկել, ոսկին էլ տոկոս ենք դրել, որ կարողացանք տասը օր առաջ Արմենին եւ կնոջը ուղարկենք Ստրասբուրգ: Մի քանի օրից միզապարկն են վիրահատելու, որից հետո էլ արդեն ողնաշարը կանեն: Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Արմենի զոքանչը:
Նրա խոսքով՝ պետական ոչ մի մարմին այդպես էլ Արմենին չօգնեց: ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանում հստակ ասվում էր, որ ոչնչով չեն օգնելու, իսկ առողջապահության նախարարությունից էլ արձագանքեցին այն ժամանակ, երբ շտապօգնության բժիշկն արդեն մեկնել էր Ստրասբուրգ: Նշենք, որ դեռ հոկտեմբերին առողջապահության նախարարությունից վթարի ենթարկված բժշկին այցելել էին եւ հայտնել, որ նրան կտանեն Գերմանիա բուժման: Սակայն այս ամիսների ընթացքում այդպես էլ Արմենին Գերմանիա չտարան:
Հիշեցնենք, որ 38-ամյա նախկին զինվորական բժիշկը վթարի հետո քայլում էր քայլասայլակի օգնությամբ, աջ ձեռքը թուլացել էր, 24 ժամ միզածորանին ամրացված էր կաթիլային պարկը։ Նրա երեք երեխաներից ամենափոքրը 6 ամսական է, մեծը՝ 6 տարեկան։ Արմենն աշխատունակ չէր։ Կինը չէր կարող աշխատել. հազիվ հասցնում էր երեք մանկահասակ երեխաներին ու հաշմանդամ ամուսնուն խնամել։ Ընտանիքի միակ եկամուտը Արմենի ստացած հաշմանդամության թոշակն էր՝ 44 հազար դրամ, իսկ տան վարձը՝ 50 հազար էր:





























