Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մեղավոր կողմի մեքենան ապահովագրած ընկերությունը առավելագույնը տասը միլիոն դրամ պետք է փոխհատուցի տուժող կողմին՝ որպես անձնական վնասի փոխհատուցում: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաթղթերի հետազոտման ժամանակ հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
«Որպես անձնական վնասի փոխհատուցում մեղավոր կողմի մեքենայի ապահովագրական ընկերությունից պահանջվում է 3 մլն 300 հազար դրամ տուժողներից յուրաքանչյուրի համար: Բայց անկախ տուժողների թվից՝ այդ թիվը չի կարող գերազանցել 10 միլիոնը»,- ասաց դատավորը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե մեղավոր ճանաչվի իր պաշտպանյալը, ապա նրա մեքենայի ապահովագրական ընկերությունը պետք է գումար փոխհատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի եւ մահացած երկու երիտասարդների մասով։
«Տաթեւիկ Հակոբյանին մինչեւ երեք միլոն երեք հարյուր հազար դրամ, իսկ մահացածների համար ընդունված է փոխհատուցել 1 մլն 200 հազար դրամ: Եթե մեղավոր լինեն իրենք, կվճարեն Վարդան Պետրոսյանին»,- ասաց փաստաբանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստն ընթանում է շատ լարված, Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավորն անընդհատ ձգտում է խոչընդոտել իր գործը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























