Տեղական ինքնակառավարման մարմինները եւս պետք է բժիշկներ գրավելու փորձեր անեն: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը մայիսի 30-ին Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն է հնչեցրել:

Նշանակումից ի վեր անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում նա հասցրել է մեկ անդամ Շիրակի եւ երկու անգամ` Լոռու մարզ այցելել: Մարզային հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների գլխավոր խնդիրը նախարարը կադրային լուծումների մեջ է տեսնում: «Բարձր տեխնոլոգիաների տիրապետող առաջնակարգ մասնագետները մեծ ի մասամբ Երեւանում են աշխատում: Մենք փորձելու ենք նրանց ամենատարբեր եղանակներով դեպի մարզերը գրավել, բայց ակնկալում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները եւս պետք է մեզ օգնեն, օրինակ` կարող են բժիշկների ուսուցման պատվերային ծրագրեր նախաձեռնել», - հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ հիշյալ ծրագրերի շրջանակում կրթություն ստացած ուսանողները հետագայում տեղի բժշկական հաստատություններում աշխատելով կվերադարձնեն իրենց պարտքը: «Ես ոչ թե ֆինանսական, այլ` բարոյական պարտքը նկատի ունեմ, մանավանդ եթե խոսքը տեղաբնակ ուսանողների մասին է», - մեկնաբանել է Արմեն Մուրադյանը: