Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության հիմնադրիր միջոցառման ժամանակ Արցախից հրաժարվելուն վերաբերող ստորացուցիչ պահանջին Հայաստանը ներկայացնող անձը պատասխանել է սպասելի «խորիմաստ» լռությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցության վարչությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության հիմնադրիր միջոցառման ժամանակ Հայաստանին առաջարկվել է Միությանն ավելի ուշ միանալ:
Ղազախստանի նախագահը, Ադրբեջանի գրավոր պահանջով, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների համաձայնությամբ, Հայաստանի առջեւ նախապայման է դրել՝ միանալ եվրասիական միությանը, իր ձեւակերպմամբ, «ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով, ինչպես որ դա Հայաստանն արել է ԱՀԿ ընդունվելիս:
Արցախից հրաժարվելուն վերաբերող այս ստորացուցիչ պահանջին Հայաստանը ներկայացնող անձը պատասխանել է սպասելի «խորիմաստ» լռությամբ:
Չենք զարմանա, եթե նախագահի աթոռը մինչ օրս թյուրիմացաբար զբաղեցնող սույն անձը հեշտությամբ համաձայնվի Արցախը մնացած Հայաստանից անջրպետող եւ Ռուսաստանի լիակատար հսկողության ներքո գտնվող «միջազգային մաքսատների» տեղակայմանը՝ Եվրասիական միությանը հանուն նեղ անձնական շահերի հնարավորինս արագ անդամակցելու համար։
Կատարվածը տրամաբանական հետեւանքն է Ս.Սարգսյանի անփառունակ եւ անսկզբունք քաղաքականության, որի միակ նպատակը մշտապես եղել է ազգային շահերի համապարփակ հանձնմամբ ապահովագրել սեփական արտաքնատու իշխանության շարունակական վերարտադրությունը։
«Հայազնը» վերահաստատում է վերպետական կառուցներին Հայաստանի անդամակցության դեմ իր անդրդվելի դիրքորոշումը, որի անայլընտրանք եւ կենսականորեն անհրաժեշտ լինելն ակներեւաբար ապացուցվում է յուրաքնչյուր առիթով:
Հայաստանը ներկայացնող պատվիրակության անողնաշարությունը՝ լրացուցիչ ու հերթական պատճառ է իշխանությունն ապօրինաբար յուրացրած վարչախմբից ձերբազատվելու համար: Վարչախումբ, ով դրսում ստորաքարշաբար խոնարհվում է այլ պետությունների ղեկավարների առջեւ, իսկ ներսում՝ անմեղսունակաբար հոխորտում ու բռնանում սեփական ժողովրդի նկատմամբ»:




























