Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 29-ին, ժամը 19.20-ին, Երեւանի Ռուբինյանց եւ Պ. Սեւակ փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա Գուրգեն Գ.-ին` «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենայով, իսկ ժամը 19.30-ին` Կոմիտասի պողոտա եւ Ա.Տիգրանյան փողոցի խաչմերուկից, 42-ամյա Ասատուր Ա.-ին` իր «BYD» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զննությամբ Գուրգեն Գ.-ի «Աուդի-100»-ի ղեկի տակ գտնվող պահոցից` ծխախոտի տուփում, հայտնաբերվել է «Սուբուտեքս» թմրամիջոցի նմանվող 2 դեղահաբ, իսկ Ասատուր Ա.-ի «BYD»-ի առջեւի աջ նստատեղի դիմացի պահոցից` նմանատիպ 4 դեղահաբ, փոխանցման տուփի հետեւի պահոցից` գաղտնի փականով դանակ, դիմացի նստելատեղերի արանքում գտնվող պահոցից` «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ:
Ըստ վերջիններիս հայտարարության` հայտնաբերվածները պատկանում են իրենց:
Նշանակվել են դատաքիմիական, քրեագիտական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























