Վանաձորի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Պ.-ն մեղադրվում է ամուսիններ Արմանին եւ Անահիտին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Հովհաննեսը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսիններ Արման Մ.-ի եւ Անահիտ Ա.-ի հետ: Վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ գլխով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսինների մարմինների տարբեր մասերին` Արմանին պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության, իսկ Անահիտին՝ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հովհաննես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով: Առաջինը նախատեսում է կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ չի նշանակվել: