Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արա Գ.-ն մեղադրվում է ոստիկանների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Արան ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բակում եւ շտապ օգնության հերթապահ բժշկի աշխատասենյակում սթափության վիճակի զննության ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է ծառայողական պարտականություններ իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Վիճաբանության ընթացքում 43-ամյա տղամարդը ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Արա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: