ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր` մայիսի 30-ին, սկսվեց «Հարսնաքարի» գործով վերաքննիչ բողոքի քննությունը. առաջին նիստին ներկայացվեցին քրեական գործի նախապատմությունը և գործով դատապարտվածների բողոքը:
Գարիկ Մարգարյանի և Դավիթ Ադամյանի փաստաբան Մարինե Թովմասյանը անդրադարձավ տուժողներ Արտակ Բայադյանի և Էդգար Նիկոյանի ցուցմունքին` նշելով «մի քանի ակնհայտ հակասություններըը»։
«Տուժողները մեկ ասում են՝ տեսել են, թե ով է իրենց ծեծի ենթարկել, մեկ ասում են, թե ոչ մեկին չեն տեսել, նման աբսուրդ բան ես չեմ տեսել»,- դատարանին ասաց Մարինե Թովմասյանը:
Փաստաբանը նշեց, որ մեղադրական եզրակացությունը կազմվել է օրենքի խախտմամբ, և պահանջեց բեկանել Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատակական ակտը:
«Իմ իմացած դատական ակտը որոշակի ձև ունի, այսինքն՝ լինում են ներածական, նկարագրական, պատճառական և եզրափակիչ մասեր: Այս դեպքում ես նկարագրական և պատճառական մասեր չտեսա, իսկ դատավորն ամբողջ դատաքննության ընթացքում շատ կաշկանդված էր և կողմնակալ»,-ասաց Մարինե Թովմասյանը:
Արթուր Բաբլոյանի պաշտպան Արամ Խաչատրյանը նշեց, որ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել մի շարք մեղմացուցից հանգամանքներ:
«Մեղմացուցիչ հանգամանքները կրել են զուտ ձևական, տեխնիկական բնույթ և դատարանը հաշվի չի առել Արթուր Բաբլոյանի հետ կապված բացառիկ հանգամանքները։ Նա հանդիսանում է իր ընտանիքի միակ կերակրողը, երիտասարդ է: Ես չեմ հասկանում՝ ինչպես դատարանը կարող է վեց ամբաստանյալին, ովքեր ունեն տարբեր մեղմացուցիչ հանգամանքներ, դատապարտել միանման պատժի»,-նշեց Արամ Խաչատրյանը:
Դատական նիստի վերջում իր բողոքը ներկայացրեց Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նշեց, որ հեռախոսային խոսակցությունների վերծանումը ցույց է տալիս, որ իր պաշտպանյալն այդ պահին հեռախոսով է խոսել և ծեծկռտուքի ժամանակ դեպքի վայրում չէր կարող լինել:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Նորայր Հայրապետյանի պաշտպանը նիստին չէր ներկայացել, իսկ Մարինե Թովմասյանը ժամանակ խնդրեց Դավիթ Ադամյանի բողոքը պատրաստելու համար:
Հաջորդ դատական նիստերը տեղի կունենան հունիսի 3-ին և 6-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։





























