Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։
Հավաքի բացման արարողությանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղեկալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը։
ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ յուրաքանչյուր հերթական համագումարից հետո ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հրավիրում է հավաք, որի ընթացքում քննարկվում են այն ուղերձները, որոնք հնչել են համագումարում։ Նա տեղեկացրեց, որ վերջին տարիներին փոփոխություններ են կատարվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային եւ շրջանային կառույցների ղեկավար կազմերում, եւ այսօր նրանց հետ աշխատելու անհրաժեշտություն կա։
Ողջունելով հավաքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ կազմում կան երիտասարդներ, ովքեր այսօր բավականին լուրջ դերակատարում ունեն մեր երկրի քաղաքական կյանքում, օրենսդիր ու գործադիր մարմիններում։ «Երիտասարդները պետք է կարողանան ոչ միայն գաղափարակիր դառնալ, այլեւ գաղափարներով ուղղորդել մի ամբողջ ժողովրդի։ Խորհուրդ կտայի նեղ կուսակցական մտայնությամբ չառաջնորդվել։ Ցանկացած կուսակցություն ունի երիտասարդական կազմակերպություն, եւ շատ լավ կլինի, որպեսզի ձեր փոխհարաբերությունները մյուս կուսակցությունների երիտասարդների հետ անհրաժեշտ բարձունքի վրա լինեն։ Մենք պետք է շարժվենք ազգի շահերով, քաղաքական ուժերն ընդամենը պետք է միջոց լինեն նպատակների համար, իսկ մեր նպատակները բավականին լուրջ են։ Մենք պայքարում ենք ազգի եւ պետության հավերժության համար՝ կուսակցությունը որպես միջոց ծառայեցնելով դրան։ Դուք պետք է կարողանաք ակտիվությամբ ձեր ճանապարհը հարթել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, ովքեր կկարողանան ուղղորդել հասարակությանը եւ իրենց արժանապատիվ դերակատարումն ունենալ ազգային խնդիրներում»,- նշեց ԱԺ նախագահը։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորեց երիտասարդների միասնականությունը քաղաքական կյանքում։ Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը երիտասարդներին տվել է հնարավորություններ՝ սեփական ունակություններն ու կարողությունները դրսեւորելու համար։ Սակայն երիտասարդներից շատ բան է կախված։ Նա կոչ արեց ակտիվ համագործակցություն իրականացնել տարածքային, մարզային կազմակերպությունների միջեւ։ Երեւանի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ՀՀԿ ԵԿ Երեւանի խորհրդի փորձը փոխանցել մարզային կառույցներին։
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նշեց, որ կուսակցական հանդիպումների նման հարթակները հնարավորություն են ամենատարբեր ձեւաչափով քննարկումներ կազմակերպելու եւ ՀՀԿ գաղափարախոսության շրջանակներում ռազմավարություն մշակելու։ Ըստ մարզպետի՝ երիտասարդների ներուժն անսահման մեծ է, եւ պետք է կարողանալ այդ ներուժը կիրառել։
Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը պատասխանեց երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք առնչվում էին սահմանադրական բարեփոխումներին, կուսակցական աշխատանքում երիտասարդների դերին, Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ այլն։
Անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Նազարբաեւն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսեւորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։
Խորհրդարանի խոսնակը շեշտեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարեւոր հարցն է։ Ըստ նրա՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ մեկ մաքսային եւ տնտեսական տարածքում է, եւ Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց ընդհանրապես չկա:





























