Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը համաձայն չէ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի այն դիտարկմանը, որ երբ դատական նիստին դատախազն ու տուժող կողմի փաստաբանը կողք-կողքի են նստում, դա եվրոպական կոնվենցիայի խատում է։
«Մարի Դոզեն չպետք է որոշի՝ ով ում կողքը պետք է նստի, մենք ունենք Քրեական դատավարության օրենսգիրք, որտեղ դա թույլատրելի է»,- այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ին ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը։
NEWS.am-ի հարցին, թե արդյոք դատախազի եւ փաստաբանի միասին նստելը չի խոչընդոտում դատական գործի անաչառ քննությունը, գործով դատախազ Արմեն Առաքելյանն ասաց. «Դա ոչ մի բանին չի խոչընդոտում, քանի որ դատավարության նիստին մի կողմը մյուս կողմին դիմելու իրավունք չունի, պետք էլ չի՝ տարբերի՝ դատախազն ով է, տուժող կողմի ներկայացուցիչը՝ ով: Տուժողը եւ մեղադրողը մեղադրանքի մի կողմն են եւ հակված են մեղադրանքը ապացուցելու»։
Նշենք, որ մայիսի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ֆրանսիայից ժամանած փաստաբանը ասել էր,որ ինքը չի կարողանում տարբերել դատախազին տուժող կողմի ներկայացուցչից, սակայն իրականում «դատախազը պիտի ներկայացնի պետությունը՝ հասարակությունը, իսկ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները պիտի ներկայացնեն տուժողների շահերը»:
Այսօր՝ մայիսի 30-ին, ֆրանսիացի փաստաբանը դատական նիստին ներկա չէր, իսկ դատախազը եւ Հակոբյանների փաստաբանը միասին էին նստած:





























