Հուլիս եւ օգոստոս ամիսներին Երեւան-Փարիզ չվերրթը կգործի շաբաթվա 7 օրերի ընթացքում: Այս մասին Երեւանում անցկացվող «Air France»-ի 80-ամյա հոբելյանական միջոցառման ասուլիսում մայիսի 30-ին, հայտարարեց ընկերության Ռուսաստան, ԱՊՀ տարածաշրջանի հարցերով պատասխանատու, կոմերցիոն տնօերն Սիմոն Սխոլտեն: Ըստ նրա՝ 2013թ.-ին Երեւան-Փարիզ չվերթի 45 հազար տոմս է վաճառվել, որից 9 հազարը վաճառվել է Երեւանում: «Մենք ուրախ ենք հայտարարելու, որ չվերթների քանակն ավելացնում ենք: Նախկինում ամառային սեզոնին՝ ապրիլից հոկտեմբեր, չվերթներ էինք իրականացնում շաբաթվա 4 օրերին, սակայն այժմ որոշվել է մայիս, հունիս եւ սեպտեմբեր ամիսներին իրականացնել շաբաթվա 6, իսկ հուլիս եւ օգոստոս ամիսներին՝ շաբաթվա յուրաքանչյուր օր»,- ասաց Սխոլտեն՝ ավելացնելով, որ ակնկալում են չվերթի ուղեւորների թվի աճ՝ 30-40 տոկոսով:
Նա նշեց, որ այս տարի ընկերությունը երկու հոբելյան է նշում՝ KLM եւ Air France միավորումն ու Air France-ի 80-ամյակը: «80-ամյա հոբելյանը նշանակում է արդեն, որ Air France-ը աշխարհի ամենահին ավիաընկերություններից է, եւ բնականաբար այն տեղափոխել է նաեւ հայտնի մարդկանց: Այսօր մենք Հայաստանի հանրությանն ենք ցանկանում ներկայացնել «Աստղերը երկնքի եւ երկրի միջեւ. Հպանցիկ հայացքներ» մոտ 70 լուսանկարից բաղկացած ցուցահանդեսը: Հանրահայտ մարդկանց թվում են նաեւ Շառլ Ազնավուրը, Ֆեդերիկո Ֆելինին, Ֆրենկ Սինատրան, Նիկիտա Խրյուշչովը, Վալենտինա Տերեշկովան»,- ասաց Air France-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսը Զվարթնոց օդանավակայանում կմնա 2 շաբաթ, ապա կտեղափոխվի Երեւան քաղաքի թանգարան:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Իզաբել Գինելը ասուլիսում նշեց, որ դեսպանատունը հանդես է եկել հոգուտ չվերթների քանակի ավելացման ուղղությամբ: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց երկկողմ գործարար համաժողովը: Հայաստանն ու Ֆրանսիան դրանով ցանկանում էին հակապես ընդգծել երկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրյալը: Air France-ը ընդառաջ գնաց այս կոչին, եւ սա նշանակում է, ոչ միայն հաճախակի այլեւ բարձրակարգ ու ուղեւորի կողմից ակնկալված բարձրակարգ սպասարկվող չվերթներ»,- ասաց Գինելը՝ ընդգծելով, որ չվերթների ժամերը ընտրված են այնպես, որ տրանսատլանտյան չվերթներ կատարողները հարմար ժամերի կարողանան շարունակել թռիչքը դեպքի ամերիկյան աշխարհամաս:
Ասուլիսի ավարտին հետեւեց ցուցահանդեսի բացումը եւ Երեւան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ցուցադրական վայրէջքը: Պարզվում է, որ Air France-ի բորտ ուղեկցորդների եւ անձնակազմի համազգեստների վրա աշխատել են կուտուրյեներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: 80 տարիների տարբեր ժամանակահատվածներում, թռիչքների մասնագետների համար հագուստներ են ստեղծել Քրիստիան Դիորը, Նինա Ռիչչին, Քրիստիան Լակրուան: Վերջինիս ստեղծած համազգեստով էլ այժմ թռիչքներ է իրականացնում Air France-ը:
Դեֆիլեի ընթացքում հայ մոդելների ներկայացմամբ ցուցադրվեցին մեկ տասնյակից ավելի կազմող բոլոր համազգեստները:
Հոբելյանական միջոցառման ավարտին Air France-ը անակնկալ էր պատրաստել հյուրերի համար: Խաղարկվեց Երեւան-Փարիզ մեկ տոմս, որի հաղթողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած չվերթով մեկնել Փարիզ:



































