Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ափսոսում Ռուսաստանի հետ պատերազմելու համար և պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ըստ նրա, Ռուսաստանի ռազմական նոր ներխուժման դեպքում։
Միաժամանակ Սահակաշվիլին հայտարարել է , որ չի պատրաստվում հրաժարվել իր մտադրություններից և կարծում է , որ նոր պատերազմի վտանգը լիովին արդիական է։
«Ես մտադիր չեմ հրաժարվել իմ առջև ծառացած խնդիրներից, նույնիսկ այնպիսի անհույսներից, ինչպիսիք են երկիրը կործանումից ու տնտեսական լծից պաշտպանելը։ Պարտավոր էինք արդյո՞ք դիմադրել։ Պե՞տք է արդյոք դիմադրենք, եթե նրանք մեզ վրա կրկին հարձակվեն։ Այո՛, մենք կդիմադրենք։ Սակայն դա մղձավանջային սցենար է»,- հայտարարել է Սահակաշվիլին։
Վրաց նախագահը կարծում է նաև, որ ներկա պահին վրաց-օսական հակամարտության գոտում ընթացող զարգացումները հիշեցնում են 2008 թվականի իրավիճակը և այդ առիթով ասել է. «Վրաստանը պատերազմելու ոչ ցանկություն, և ոչ էլ հնարավորություն ունի, քանզի դա հավասարազոր է ինքնասպանության, սակայն հարցն այն չէ, թե ուզում է արդյոք Վրաստանը պատերազմել Ռուսաստանի հետ, այլ այն, որ Ռուսաստանն է ուզում պատերազմել Վրաստանի հետ»։




























