Մայիսի 29-ի կիսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փայծախի վնասում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Մինաս Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս մայրը բացատրություն էր տվել, որ հեռուստացույցի ալեհավաքն ուղղելու ժամանակ որդին սայթաքել եւ վայր է ընկել աստիճանից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 21-ամյա Կարապետ Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հատիս գյուղից Կապուտան տանող ճանապարհին կորցրել է ինքնակառավարումն ու շրջվել, որի ժամանակ ավտոմեքենայի սրահում գտնվող Մինաս Ա.-ն ստացել է վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:
Կարապետ Կ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:





























