Թուրքիայի արեւելյան մի շարք նահանգներում զինվորական նոր կետեր կառուցելու դեմ բողոքի դուրս եկած քրդերի գործողություններին միացել է PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Լիջեյի շրջանում զինվորական նոր կետ կառուցելու դեմ բողոքի դուրս եկած տեղի քուրդ բնակչության եւ զինվորականների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Քուրդ բնակչության բողոքի ակցիան ցրելու համար զինվորականներն ուժ են կիրառել, որից հետո լեռներում գտնվող քուրդ զինյալները կրակ են բացել Լիջեյի շրջանի մի շարք զինվորական կետերի ուղղությամբ։
Բողոքի գործողություններ են սկսվել նաեւ Մուշի Վարթոյի շրջանում, որտեղ կրկին բախվել են քրդերն ու զինվորականները։ Նշվում է, որ այս դեպքից հետո մի խումբ քուրդ զինյալներ փակել են Վարթո-Քարլըօվա ավտոճանապարհը եւ ստուգել բոլոր անցնող մեքենաների ուղեւորներին։ Այս լուրի մասին իմացած թուրքական անվտանգության ուժերը մի քանի ժամ փակ են պահել հիշյալ հատված գնացող ավտոճանապարհները։
Շրնաք նահանգի Բեյութշեբաբի շրջանում էլ PKK-ի զինյալները կանգնեցրել են զինվորական անցակետ կառուցելու համար շինանյութ տեղափոխած 3 բեռնատար մեքենաներ եւ այրել։
Նշվում է, որ այս երկու օրվա ընթացքում PKK-ի հետ բախումներում վիրավորվել է 16 թուրք զինվորական։





























