Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մայիսի 31-ին հրաման է ստորագրել «Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի դպրոցում աղաղակող ապօրինություններ էին կատարվել: Մասնավորապես, դպրոցի ուսուցիչներից մեկը՝ Լեւոն Ավագյանը օրերս երկու տարվա ազատազրկման է դատապարտվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:

Դատական նիստին մասնակցող դպրոցի նախկին աշակերտների պնդմամբ, սակայն, դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը եւս պետք է նստեր մեղադրյալի աթոռին, քանի որ շատ ավելի դաժան է վարվել երեխաների նկատմամբ: