Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հարվարդի համալսարանում տարածաշրջանի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ մի մասնակցի սուր հարցերի հետեւանքով հայտնվել է բավականին տհաճ իրավիճակում։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Հարվարդի համալսարանի դասախոսներից Էմրե Ալթընդիշը կոնֆերանսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ շեշտելով, որ նման հարցերի համար Թուրքիայում իրեն կձերբակալեին։

«Նախորդ տարի այս ժամանակ ձեր ղեկավարած պետությունը Գեզիում սպանեց 8 քաղաքացու, 90-ին վիրավորեց, 9 քաղաքացի կորցրեց աչքը, հազարավոր քաղաքացիներ խեղդվեցին արցունքաբեր գազից։

Թուրքիայում այսօր օրական սպանվում է 3 կին, 4 բանվոր մահանում է աշխատանքի վայրում ոչ աշխատանքային պայմանների հետեւեանքով։ Ձեր ղեկավարած երկրի զինվորները Ռոբոսկիում սպանեցին 34 քաղաքացու, որոնցից 17-ը երեխաներ էին։  Ինչպե՞ եք մեզ այստեղ ժողովրդավարության դասեր տալիս։ Չեք ամաչո՞ւմ, որ նման պետության ղեկավար եք։ Ինչպե՞ս եք գիշերները քնում։ Խնդրում եմ, հարցս անպայման թարգմանեք»,-ասել է Էմրե Ալթընդիշը։

Այս հարցից հետո ամբողջ սրահում գտնվողները շունչները պահել են, իսկ հարցի հետեւանքով տհաճ իրավիչակում հայտնված Աբդուլլահ Գյուլը պատասխանել է, որ հարց տվող դասախոսը ստում է եւ նման դեպքեր ամեն երկրում էլ լինում են։