Մայիս 31-ին՝ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, ՀՀ Պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացվել է ՀՀ Զինված ուժերում ծխելու վնասակարության եւ դրա հաղթահարման ուղիներին նվիրված կլոր-սեղան քննարկում:
Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 անձինք՝ փորձագետներ, ՀՀ Զինված ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը հանդես եկավ «Հայոց բանակի ծխախոտազերծումը եւ հայ ազգային գաղափարախոսությունը» խորագրով զեկուցմամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայ զինվորականը չի ծխելու, եթե ունեցավ այս գաղափարախոսությունը, ապա կկարողանա ազատվել ծխախոտի ազդեցությունից:ՀՀ զինված ուժերի ծխախոտազերծման ծրագիրը նախեւառաջ բարոյական հարց է»:
«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ շուրջ 10 զորամասերում անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ, բժիշկների, հոգեբանների մասնակցությամբ կազմակերպվել են տեղեկատվական դասընթացներ, զինծառայողներին բաժանվել են հակածխախոտային տեղեկատվությամբ բուկլետներ, զորամասերում տեղադրվել տեղեկատվական ցուցանակներ: Այնուհետեւ նշեց. «Հասարակության շրջանում դեռ բարձր է ծխող բնակչության թիվը: Մտահոգիչ այս իրավիճակի եւ առկա միտումների փոփոխությունը պետք է սկսել հասարակության լայն զանգվածների հետ տարվող աշխատանքներից, հատկապես երիտասարդներից»:
ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Հայկ Սահակյանը ներկայացրեց շուրջ 500 զինծառայողների շրջանում իրականացված հարցումների արդյունքները: Նա մասնավորապես ասաց. «Զինծառայողների մեծամասնությունը օգտագործում է ծխախոտ: Հատկանշական է այն, որ ծխողների գերակշռող մասը դեռ դպրոցական տարիներին է սկսել ծխելը: Հարցվածների 67.9 տոկոսը նշել է, թե մինչեւ զինծառայությունն է սկսել ծխելը եւ միայն 13 տոկոսն է սկսել ծխել զինծառայության ընթացքում: Հարցվածների միայն 29.6 տոկոսը պատասխանել է, որ չի ցանկանում թողնել ծխելը, 34.6 տոկոսը գիտակցում է ծխելու վնասակարությունը եւ չի կարող այն թողնել, 24.6-ն տոկոսը գիտակցում է եւ կարող է թողնել ծխելը: Հարցվածների կեսը գտնում է, որ զինծառայության ժամանակ ավելի շատ է սկսել ծխել, քան նախկինում»:
Նշենք նաեւ, որ հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է մասնագետների այցելություն զինծառայողներին, իսկ տարեվերջին զինծառայողների շրջանում նախատեսվում է անցկացնել նոր սոցհարցում:





























