Արաբկիր բժշկական կենտրոնում նախորդ տարվա հունվարի 2-ին մահացած 3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստն այսօր՝ մայիսի 31-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցավ լարված մթնոլորտում:

Նիստերի դահլիճում ներկա մոտ երկու տասնյակ մարդկանց եւ ամբաստանյալներին դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց խոսելու, նաեւ փորձագետի ցուցմունք տալու ժամանակ քմծիծաղ տալու համար:

Փորձագետ Գագիկ Հարությունյանը ներկայացնում էր այն գրականությունը, որից օգտվել էր փորձագիտական եզրակացություն կայացնելու համար: Նա վկայակոչեց ռուսերեն  դասագիրքը՝ նշելով, որ այն օգտագործվում է նաեւ հայկական բուհերում ուսուցանելու համար։

Փորձագետը գրքից ընթերցեց այն ախտանիշները, որոնք առկա են լինում թոքաբորբի դեպքում՝ դրանք համեմատելով Լիա Միսակյանի մոտ առկա ախտանիշներին, որոնք նշված էին հիվանդության պատմությունում:

 «1-4 տարեկան երեխաների դեպքում շնչառական ակտը՝ 40 անգամ մեկ րոպեում, միջկողային տարածությունների ներքաշում, տնքացող շնչառություն, քիթ-շրթունքային տաքություն, քնկոտություն, գիտակցության խանգարում, մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում կտրուկ գունատություն: Լիա Միսակյանի մոտ՝ ջերաստիճանը 38 ու 4, ընդհանուր վիճակը՝ ծանր, թույլ, շնչառությունը տնքոցով, աչքը՝ գունատ, շրթունքները՝ չոր, լեզվի վնասվածքներ, թոքերում՝ կոշտացած շնչառություն: 80 %-ը համապատասխանում է գրվածին: Շնչառական ակտը՝ 32, դասագրքում` 40: Չկա միայն միջկողային մկանների ներքաշվածությունը»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ այդ դեպքում բժիշկները պետք է երեխային ուղարկեին ռենտգեն հետազոտության:

Պատասխանող կողմի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը կասկած հայտնեց՝ արդյոք որեւէ հրամանով այդ գիրքը, որից փորձագետը հղում է անում, ընդունված է Հայաստանում եւ օգտագործվում է փորձագիտական եզրակացությունների համար։ Ապա հավելեց, որ ըստ Առողջապահության  համաշխարհային կազմակերպության  չափորոշիչների, Լիա Միսակյանի մոտ առկա ախտանիշները բավարար չէին՝ կասկածելու, որ նրա մոտ թոքաբորբ է առկա եւ ուղարկելու ռենտգեն հետազտության:

Փաստաբանը հարց ուղղեց փորձագետին. «Դուք առաջարկում եք մի կողմ դնել Առողջապահության  համաշխարհային կազմակերպության  չափորոշիչներն ու առաջնորդվել ինչ-որ դասագրքերո՞վ»: Փորձագետի դրական պատասխանից հետո դահլիճում նստածներից մի քանիսը քմծիծաղ տվեցին:

«Ձեր հիվանդանոցում բժիշկ մնացե՞լ է, թե՞ սաղդ ստեղ եք: Բերել են, «Արաբկիրի» կեսը լցրել են ստեղ, յանի էրեխեք են բուժում»,-վրդովվեց մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը:

Գեորգի Միսակյանը վրդովված դուրս եկավ դահլիճից, ինչից հետո դատավորը դիմեց դահլիճում նստածներին. «Ոչ մեկի լեզուն չի պտտվում ասի՝ Աստված մի արասցե. ձեր երեխայի հետ եղած լիներ, դուք տենց քմծիծաղով կվերաբերվե՞իք»:

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: