Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մայիսի 31-ին, այցելել է հոսպիտալ և հանդիպում ունեցել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետմղած զինծառայողների հետ:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նշել է, որ Սեյրան Օհանյանը լսել է վիրավոր զինվորներին, քաջալերել և հանդիպման ավարտին նրանց պարգևատրել գերատեսչական մեդալներով:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին:






























