Ադրբեջանում հակահայկական քարոզչությունն արդեն մառազմատիկ դրսեւորումներ է ունենում: Նրանք այս անգամ որոշել են Ղարաբաղն «ազատագրել» պարտիզանական ջոկատներ ստեղծելով: Մասնավորապես, ղարաբաղյան պատերազմին մասնակցած ադրբեջանցիները հայտարարել են, թե պարտիզանական ջոկատներ են ստեղծում, որոնք միավորվելու են «Ղարաբաղի ազատագրման բանակ» անվան տակ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի-ազ»-ը: Նրա աղբյուրները հայտնում են, որ ջոկատը գլխավորելու է Ադրբեջանի ազգային հերոս Ռասիմ Աքբերովը, որը նախորդ տարի է դուրս եկել բանտից:

«Այս գաղափարի օգտին հանդես են եկել ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, սակայն առողջությունս թույլ չէր տալիս իրականացնել այն, ուստի հարցը բաց էր մնում: Հիմա ես ինձ արտակարգ եմ զգում եւ որոշել եմ ստեղծել այդ բանակը»,- ասել է Աքբերովն ու հավելել. «Ադրբեջանի հայրենասերները չեն կարող հանգիստ հետեւել Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին: մենք կարծում ենք, որ չի կարելի զիջման գնալ թշնամուն եւ ստեղծել ենք պարտիզանական շարժում: Ես հայտարարում եմ, որ „Ղարաբաղի ազատագրման բանակը“ երկրի բանակի մի մասն է եւ վստահ եմ, որ կարճ ժամանակում մենք կդառնանք ազգային բանակի ավանգարդը»:

Նկատենք, որ 2000 թվականին Աքբերովը մեղադրվել է պետական հեղաշրջման մեջ եւ բանտարկվել: Նա բանտից ազատ է արձակվել 2008 թվականի օգոստոսի 26-ին՝ երկրի նախագահի հայտարարած համաներմամբ: