Պաշտոնական այցով Չիլիում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելի զինուժի կողմից Գազայի հատված հումանիտար բեռներ տանող նավերի վրա հարձակման գործողություններին բավականին կոշտ արձագանք է տվել, մեղադրելով Իսրայելին պետական մակարդակի ահաբեկչության մեջ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետը, նշելով, որ հումանիտար օգնություն տանող նավերի մեջ ոչ միայն Թուրքիայի, այլ՝ 32 տարբեր երկրների քաղաքացիներ եւ պատգամավորներ են եղել՝ շարունակել է. «Շատ հստակ եմ ասում։ Այդ հարձակման պատճառաբանությունը ինչ էլ լինի, միեւնույն է՝ այն միջազգային իրավունքին  լրիվ հակառակ պետական մակարդակի ահաբեկչություն է»:

Ըստ Էրդողանի՝ իրենք այս համամարդկային արժեքներից դուրս պետական ահաբեկչության առաջ անձայն չեն մնալու։  «Ես դիմում եմ այս հարձակման հետեւում կանգնածներին։ Դուք ինչքան այս արյունոտ գործողությունների ետեւում եք կանգնած, մենք էլ դրանից ավելի շատ կանգնած ենք իրավունքի, արդարության եւ  պաղեստինյան ժողովրդի ետեւում»-նշել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, որ ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգա Թուրքիա վերադառնալուն պես։

Նշենք, որ Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատված հումանիտար բեռներ տեղափոխող նավերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում ըստ իսրայելական տարբեր լրատվամիջոցների՝ զոհվել է մինչեւ 19 հոգի։  Իսրայելական զինվորականները զենքի կիրառումը պատճառաբանում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց խոսքով՝ նավում գտնվողները դանակներով եւ տարբեր առարկաներով իրենց վրա են հարձակվել։

Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։