Հայաստանի այն իշխանությունը, որը կհամաձայնի մաքսակետ դնել ՀՀ եւ ԼՂՀ սահմանագլխին մեծ հարցականի տակ կդնի սեփական ապագան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Պարոն Մելիքյան, Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել առանց Ղարաբաղի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ պիտի գործի:
Ես որեւէ տեղ չեմ տեսել տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանը պահանջ է ներկայացրել Արցախը եւս դարձնել ԵՏՄ անդամ՝ այն ներառելով ՀՀ կազմում եւ պարզ էր, որ Արցախի անկախությունը կամ վերջինիս ՀՀ կազմում լինելու հանգամանքը պաշտոնապես չճանաչած Հայաստանի Հանրապետությունն իրավական հիմքեր էլ չուներ նման պահանջ առաջ քաշելու համար:
ԵՏՄ-ին ՀՀ ապագա անդամակցության համատեքստում Հայաստանի սահմանների հետ կապված խնդրի արծարծումը բխում է Ալիեւի վարչակազմի շահերից եւ կապված է նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանը ԵՏՄ անդամ տեսնելու հեռահար ցանկության հետ: Եթե Հայաստանը կազմակերպության անդամ դառնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ապա Ադրբեջանն իր հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին եւս կպահանջի կապել սահմանների ճանաչման խնդրի հետ, այսինքն՝ կպահանջի, որ Արցախը դիտարկվի որպես Ադրբեջանի տարածք:
Հայաստանի այն իշխանությունը, որը կհամաձայնի մաքսակետ դնել ՀՀ եւ ԼՂՀ սահմանագլխին մեծ հարցականի տակ կդնի սեփական ապագան, իսկ այդ քայլն ինքը՝ դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհ կբացի: Նախագահ Նազարբաեւն ընդամենը ընթերցեց Ալիեւի դիմումը երեք պետությունների նախագահներին եւ չարժե կատարվածը հենց իր անվան հետ կապել՝ Ղազախստանն էր հյուրընկալել այս նախագահական համաժողովը եւ նա այդ դիմումն ընթերցելու պարտականությունը ստանձնեց տանտիրոջ իր կարգավիճակից ելնելով: Կարծում եմ,այնուամենայնիվ, որ ադրբեջանական կողմի խնդրագիրը հրապարակելու վայրն ու պահը պատահական չէին ընտրված: Վերոհիշյալ նամակի կապն Արցախի հետ անմիջականորեն կերեւա, երբ սկսվի Ադրբեջանը կազմակերպությանն անդամակցության գործընթացը:
Այս պայմաններում որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Կարո՞ղ է սա պատճառ դառնալ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հետաձգվի, կամ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի մաս կազմել այդ միությանը:
Կարծում եմ, որ ՀՀ գործող իշխանություններն այս պահին համարժեք հակախաղը չունեն: Պարոն Սերժ Սարգսյանն արդեն իսկ հավաստիացրել է իր գործընկերներին, որ հայկական կողմը երկու-երեք օրվա ընթացքում կարող է բավարարել Հայաստանի հետ կապված պահանջները եւ վերջինիս ԵՏՄ-ին միանալու ժամկետն էլ արդեն սահմանված է: Ի դեպ, Հայաստանի առջեւ նման պայման դնելն ու Ռուսաստանի մասով առկա համանման խնդիրը շրջանցելն անուղղակիորեն կհաստատի, որ կազմակերպության անդամ երկրները ՌԴ նոր սահմաններն ընկալում են որպես միջազգայնորեն ճանաչված, ինչը պարտավորեցնող է լինելու նաեւ նորաստեղծ կազմակերպության հնարավոր ապագա բոլոր անդամների համար: Այդպիսով, եթե Ադրբեջանը որոշի դառնալ ԵՏՄ անդամ, ապա նա անմիջապես էլ կճանաչի ոչ միայն ՌԴ նոր սահմանները, այլեւ կընդունի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման իրավազորությունը:
Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի Աստանայում Նազարբեւի կողմից Ալիեւի նամակի հրապարակմանը:
Կատարվածը պարզ միջադեպ չէ՝ այն պահանջում է մեր արտաքին քաղաքական մոտեցումների որոշակի վերաիմաստավորում, իսկ դա ժամանակ ու թիմային, մասնագիտական աշխատանք պահանջող գործընթաց է: Ընդհանուր առմամբ՝ մենք նոր հայեցակարգ պետք է մշակենք եւ կարողանանք այն ընկալելի դարձնել մեր գործընկերների համար:




























