ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 31-ին, գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքը:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են. «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող միակ համայնքի` Գորիսի քաղաքապետի թեկնածուներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված վճարումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը կարող էին ներկայացնել մինչեւ ս.թ. մայիսի 30-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն համապատասխան հայտարարագրեր են ներկայացրել Գորիսի քաղաքապետի թեկնածուներ Վաչագան Ադունցը եւ Յոլյան Հրայրը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաեւ կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որեւէ խախտում չի արձանագրվել»: