Հայաստանի ՊՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ Երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի 1-ին` հիմնադիր նիստը, որը նախագահել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նիստը նվիրված էր մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու ընթացակարգի մի շարք դրույթների կիրառման հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթային ձեւանմուշների քննարկմանն ու հաստատմանը:
Անդրադառնալով մեր նորօրյա պատմության էջերին եւ դրանցում մարտական գործողությունների մասնակիցների դերին ու նշանակությանը, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը նիստի ընթացքում վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքով վերջնականապես կլրացվի այն բացը, որն առկա է մինչ այժմ եւ համապատասխան կարգավիճակ կտրվի մարտական գործողությունների բոլոր մասնակիցներին ու երկրապահ կամավորականներին:





























