ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 31-ին փակ ռեժիմով սկսել է շտապ խորհրդակցությունները կապված Իսրայելի կողմից հումանիտար բեռներ տեղափոխող նավերի դեմ ռազմական գործողությունների հետ:

Դիվանագետները ենթադրում են, որ Թուրքիայի խնդրանքով ընթացող խորհրդակցությունների արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը հանդես կգա հայտարարությամբ, կամ կլինի հայտարարություն մամուլի համար:

Մինչ խորհրդակցությունների սկսելը, ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռայիդ Մանսուրը հույս է հայտնել, որ ԱԽ-ն կդատապարտի Իսրայելի գործողությունները եւ վճռական գործողություններ կձեռնարկի չեզոք ջրերում հումանիտար բեռներ տեղափոխող նավերի վրա հարձակման մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Նշենք, որ մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատված հումանիտար բեռներ տեղափոխող նավերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում ըստ իսրայելական տարբեր լրատվամիջոցների՝ զոհվել է մինչեւ 19 հոգի։  Իսրայելական զինվորականները զենքի կիրառումը պատճառաբանում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց խոսքով՝ նավում գտնվողները դանակներով եւ տարբեր առարկաներով իրենց վրա են հարձակվել։ Հումանիտար բեռներ տեղափոխող 6 նավերի վրա գտնվել են շուրջ 600 ակտիվիստներ Եվրոպայից եւ արաբական երկրներից, այդ թվում տասնյակ պատգամավորներ: Հումանիտար ակցիան կազմակերպվել էր Իռլանդիայի, Շվեդիայի, Հունաստանի, Թուրքիայի, Ալժիրի եւ Քուվեյթի իրավապաշտպանների կողմից:

Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Թուրքիան ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։