Հայաստանի ոռոգման ջրերը թուրքական նոր ջրամբարների պատճառով են նվազել: Հայտարարությունը մայիսի 31-ին 2013թ. պետբյուջեի իրականացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լյովա Խաչատրյանն է հնչեցրել:
«Ինչո՞ւ են այս տարի Արաքսի ջրերն այդքան քիչ: Որովհետեւ թուրքերը խոշոր ջրամբարներ են կառուցել: Միայն Բինգյոլի լեռնաշղթայի մոտ (Արաքսի ակունքներում - Խմբ) կառուցվածը մեկ միլիարդ խ.մ տարողություն ունի», - հայտարարել է խորհրդարանականը:
Մյուս կողմից էլ, ըստ նրա, անհասկանալի է, թե ինչու գետերը չեն վարարել եւ Ապարանի ջրամբարը չի լցվել, եթե ձմռանն Արագածի վրա ձյուն կար, իսկ գարնանն էլ բավականաչափ տաք եղանակ էր դիտվում:
Ի պատասխան, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հայտարարել է, որ եթե սովորաբար Արաքսի ջրերի գարնանային ծավալը 50-200 մ/վրկ է կազմում, ապա այս տարի ամրիլ-մայիս ամսիներին 30-35 է դիտվել, Հրազդանի պարագայում էլ` համապատասխանաբար 20-25 եւ 9,6:
Ապարանի 90 մլն խ.մ. տարողություն ունեցող ջրամբարն ընդամենը 23 մլն խ.մ.-ով է լցվել, Ազատինը` 70 մլն խ.մ.-ից 47-ը: «Նույնիսկ Ախուրյանի ջրամբարը, որ 550 մլն խ.մ. տարողություն ունի, ամբողջությամբ չի լցվել: Մինչդեռ նախորդ տարիներին, բացի 2013թ.-ից, միշտ լցվում էր եւ նույնիս` կողաթափվում: Իսկ հիմա այնտեղ ընդամենը 268 մլն խ.մ. ջուր ունենք: Իսկ հարցին, թե ինչու մայիսյան անձրեւները պակասորդը չեն լրացրել, մեր համակարգը պատասխան տալ չի կարող, դրա վերլուծությամբ հիմա Հայհիդրոմետն է զբաղվում», - հայտարարել է Անդրեասյանը` հավելելով, որ երկրի կենտրոնական շրջանները Սեւանից ջուր ստանալու այլընտրանք ունեն: Իսկ թե արեւմտյան` Ախուրյանի եւ Արաքսի ջրավազանն ընդգրկող մարզերի բնակիչներն ինչպես են հարցերը լուծելու` անհասկանալի է մնում: «Պետք է փորձենք նորմալ ոռոգում կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցներ գտնել նրանց համար», - հայտարարել է նա:




























