Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի հետևյալ վարքագիծը.

  • Բնակելի համալիրում SCHUCO ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը։

  • Դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը։

  • Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսիերժ ծառայություններ չապահովելը։

  • Շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։

Արդյունքում, կատարված խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 272 000 ՀՀ դրամի չափով։

Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ՝

  • բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ,

  • ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց,

  • շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589000 ՀՀ դրամ,

  • ապահովել 24/7 կոնսիերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։