ԱՄՆ-ում զորավարժությունների ընթացքում մոդելավորել են 2028 թվականին Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հարձակման սցենարը։ Կոռնելի համալսարանի Բրուքսի ինստիտուտի և Ռոքֆելլերի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի գործող անդամներ, ինչպես նաև նախկին ամերիկացի զինվորականներ, դիվանագետներ և հետախուզության աշխատակիցներ, գրում է The Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը։
Մասնակիցներին ներկայացվել է իրավիճակ, որի համաձայն պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, իսկ Մոսկվան պատրաստվում է պառակտել Եվրոպան և հարձակվել Մոլդովայի վրա։ Ընդ որում, անօդաչուներից մեկը խոցում է Ռումինիայում գտնվող վառելիքի պահեստը, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։ Զորավարժությունների մասնակիցների առջև դրվել է հարց, թե նման իրավիճակում ինչպես պետք է արձագանքի ԱՄՆ-ն։ Կոնգրեսի անդամները եկել են այն եզրակացության, որ ամերիկյան հասարակությունը չի աջակցի Մոսկվային կոշտ պատասխանին։ Միևնույն ժամանակ, առանց ԱՄՆ առաջնորդության եվրոպական երկրները հարձակման դեպքում կհայտնվեն պառակտված վիճակում, իսկ հավաքական պաշտպանության մասին Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները կարող են կասկածի տակ դրվել, նշել է Իգնատիուսը։
Օգոստոսի սկզբին The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, հայտնել էր, որ Ռուսաստանը մոտակա տարիներին կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի վճռականությունը և իրականացնել «սահմանափակ հարձակում»։ Հնարավոր սցենարների թվում նշվում էր Բալթյան երկրներից մեկի նկատմամբ «փոքր ցամաքային ներխուժումը»։ Օգոստոսի վերջին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը անսպասելի այց է կատարել Մոսկվա։ WSJ-ի տվյալներով, նա նախազգուշացրել է ռուսաստանյան իշխանություններին Լիտվայի, Լատվիայի կամ Էստոնիայի վրա հարձակումից։
Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների գնահատմամբ, Ռուսաստանում ներկայումս ընթանում է ՆԱՏՕ-ի հետ հակամարտության նախապատրաստման «զրոյական փուլը», որի շրջանակներում Մոսկվան ուժեղացնում է Եվրոպայում հիբրիդային գործողությունները։ Մասնավորապես, The Telegraph-ի տվյալներով, Ռուսաստանը սկսել է եվրոպական զենք արտադրող գործարանների վրա հարձակումների նոր ալիք։ Դրա համար Մոսկվան հավաքագրում է տեղական խմբավորումների անդամների, հիմնականում մեսենջերների միջոցով, և նրանց դիվերսիաների համար վճարում է կրիպտոարժույթով։ Բացի այդ, կտրուկ աճել է ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածք ներխուժող անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերի թիվը։
Օգոստոսին արբանյակային լուսանկարները բացահայտել են Ռուսաստանի տարածքում՝ ՆԱՏՕ-ի երկրների սահմանների մոտ, անօդաչու սարքերի արձակման 10 նոր բազա։ Միևնույն ժամանակ, The New York Times-ի աղբյուրները հայտնում էին, որ 2025 թվականի դեկտեմբերին կայացած գաղտնի խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը հատուկ ծառայություններին և զինվորականներին հանձնարարել է 2026 թվականին «ներսից քայքայել ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն»։



























