Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ Լոնդոնը թույլ չի տա վերանայել Ֆոլքլենդյան կղզիների տարածքային պատկանելությունը, որոնք բրիտանական անդրծովյան տարածքներ են։
«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ֆոլքլենդյան կղզիների հարցում անսասան է։ Կղզիները բրիտանական են և այդպիսին էլ կմնան»,- ուրբաթ օրը գրել է նա X սոցիալական ցանցում։
Միլիբենդը հավելել է, որ կղզիները պատկանում են Մեծ Բրիտանիային դրանց բնակիչների կամքով, և Լոնդոնը վճռականորեն կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը, որը նրանց համար երաշխավորված է միջազգային մակարդակով։
Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ կղզիները արգենտինական են «պատմությամբ և օրենքով»։ Նա հավելել էր, որ «Մեծ Բրիտանիան օկուպացրել է կղզիները, արտաքսել արգենտինական իշխանություններին և այնտեղ հաստատել գաղութային ռեժիմ, որը պահպանվում է մինչև օրս»։ Միլեյի կարծիքով, կղզիների բնակիչները «բռնազավթված տարածքում արհեստականորեն տեղաբաշխված բնակչություն» են, և այդ պատճառով «ինքնորոշման օրինական իրավունք չունեն»։
Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության շուրջ վեճը շարունակվում է 1982 թվականից։ Այդ ժամանակ Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև Ատլանտյան օվկիանոսում գտնվող այս տարածքի շուրջ տեղի ունեցավ զինված հակամարտություն։ Հակամարտության զոհ դարձան 649 արգենտինացի զինծառայող, 255 բրիտանացի զինծառայող և երեք խաղաղ բնակիչ։ Կղզիներն ունեն բրիտանական անդրծովյան տարածքի կարգավիճակ, սակայն Արգենտինան դրանք համարում է իր ազգային տարածքը։



























