Ուկրաինայի որոշումը՝ փակել Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, ամբողջությամբ զգացվեց օգոստոսին՝ դեռ մինչև այն պահը, երբ Վլադիմիր Զելենսկին այն հայտարարեց ոչ անվտանգ։ Անցած ամիս դրոնների հարձակումների պատճառով ստիպված եղան ժամանակավորապես փակել 32 օդանավակայան, այդ թվում՝ Մոսկվայի և Պետերբուրգի մերձակայքում։ Արձանագրվել է նման 993 դեպք, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ավիացիոն անվտանգության հարցերով մասնագիտացած Osprey Flight Solutions-ի տվյալներին։

Սա ռեկորդային ցուցանիշ է, որն ավելի քան մեկ երրորդով գերազանցում է հուլիսյան փակման դեպքերի թիվը։ Ընդհանուր առմամբ, ամռան ընթացքում արձանագրվել է օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման 2182 դեպք։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում դա տեղի է ունեցել 1923 անգամ։

«Ռուսաստանի սանձազերծած պատերազմը փակում է նրա երկինքը»,- հայտարարել է Զելենսկին սեպտեմբերի 1-ին։ Նա Ռուսաստանի օդային տարածքը անվանել է «լիովին վտանգավոր»՝ նախազգուշացնելով ավիաընկերություններին և ապահովագրողներին նրա օդանավակայաններ թռիչքների ռիսկերի մասին։ Սակայն մինչև այդ՝ օգոստոսին, Osprey Flight Solutions-ը արձանագրել է ևս մեկ ռեկորդ․ սահմանը հատած ուկրաինական մոտ 16 հազար դրոն ներթափանցել է այն օդային տարածք, որը Ռուսաստանը բաց է թողնում քաղաքացիական օդանավերի համար։

Հունիսին և հուլիսին նման ԱԹՍ-ների թիվը համապատասխանաբար գերազանցել է 11 և 13 հազարը։ Տարվա սկզբից մինչև այդ ժամանակահատվածը այն պահպանվում էր ամսական 4-5 հազարի մակարդակում՝ միայն մայիսին բարձրանալով մինչև 7544։