Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը: Տարեդարձ, որը նշանավորվեց տոնական զորահանդեսով եւ համերգով:

Տոնական հանդիսությանը մասնակցելու համար Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան սպաներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ, մարզային եւ քաղաքային իշխանություններ ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառումները մեկնարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրու առաջ, այնուհետեւ զորամասում կայացավ մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների պատրաստած ցուցադրական համարները:

Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից քաղաքի բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, գնդի եւ հրետանայաին դիվիզիոնի մարտական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների եւ սպաների, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար: Այնուհետեւ ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնվեցին պարգեւներ ԵԿՄ-ի կողմից եւս:

Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով եւ տոնական համերգով:

Զորամասը կազմավորվել է 1996 թվականի մայիսին: Զորամասի առաջին հրամանատարն է եղել ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը: