ՌԴ Մուրմանսկի մարզում Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց, 17 հոգու ճակատագիր անհայտ է: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունում:
«Նախնական տվյալների համաձայն՝ Մի-8-ում կարող էր 19 մարդ գտնվել՝ անձնակազմի 5 անդամ եւ 14 ուղեւոր»,- հայտնել են ՆԳՆ վարչությունում:
Ուղղաթիռն Ապատիտից մեկնում էր Կանոզերո:
Երկու հոգում տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Մեկը Սանկտ-Պետերբուրգի անտառային տնտեսությունների ինստիտուտի մարզային զարգացման փոխտնօրենն է եւ ընկերություններից մեկի գլխավոր բժիշկը»,- հաղորդել են իրավապահ մարմիններում:
Փրկված երկու ուղեւորներին փրկել են ավիացիոն բազկաթոռները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մարզի արտակարգ ծառայությունները:
«Ուղղաթիռի երկու ուղեւորներին գտել են ձկնորսները վթարից անմիջապես հետո: Եթե չլինեին ավիացիոն բազկաթոռները, նրանք ամենայն հավանականությամբ կխեղդվեին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուղղաթիռում գտնվել են շրջանային բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ Մուրմանսկի մարզի փոխնահանգապետ սերգեյ Սկոմարոխովը եւ «Ապատիտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսաեյ Գրիգորեւը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են իրավապահ մարմիններում:
«Նրանցից բացի ուղղաթիռում կարող էին գտնվել Մուրմանսկի մարզի բնական ռեսուրսների նախարարը, փոխնախարարը, Հյուսիսարեւմտյան դաշնային շրջանի անտառային տնտեսությունների դեպարտամենտի տնօրենը, Կիրովսկ քաղաքի վարչակազմի ղեկավարը»,- հայտնել է աղբյուրը:
Ուղղաթիռն ընկել է դժվար հասանելի շրջանում: Մոտակա բնակավայրը աղետից 80 կմ հեռավորության վրա է: Բացակայում է կապը:
Նախնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային պայմանները: Դիտարկվում է անձնակազմի հնարավոր սխալը:




























