ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չնայած մանուկ հասակում լավ չի ապրել, բայց դառը մանկություն չի ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին մանկական երկաթուղում լրագրողներին ասաց ԱԺ նախագահը, որն իր թոռների հետ եկել էր՝ մասնակցելու NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին:

«Փորձությունների տարիներ էին, և անընդհատ հաղթահարելու պրոցես կար նաև մանուկների կողմից: Կարծում եմ՝ այն մանուկները, որոնք կկարողանան փորձություններին դիմանալ և հաղթահարել, կգա մի պահ, որ մեծ տարիքում կզգան՝ իրենք բավականին հպարտ են, որովհետև կարողացել են հաղթահարել: Բարդությունը հետո է գալիս: Ապրելակերպը հաղթահարելի պրոցես է, իսկ պայքարը մարդուն երջանկացնում է»,-լրագրողներին ասաց Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ իր մանկության երազանքը եղել է հենց ուսուցիչ դառնալը և եթե փոքր լիներ, նորից նույն ուղին կընտրեր,ինչ ընտրել է:  «Նորից կգնայի դպրոց, նորից մանկավարժ կդառնայի, նորից հայտնի ուսուցիչ կլինեի, նորից հայտնի տնօրեն կդառնայի, և հետո ճանապարհս կփոխվեր կապված այն իրողությունների հետ, որը կապված  է անկախ Հայաստանի հետ»,-ասաց ԱԺ նախագահը: Նա հիշեց մանուկ տարիքում իր նախընտրած խաղերը՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ:

Անդրադառնալով այժմ երեխաների իրավունքների պաշտպանվածությանը՝ նա նշեց, որ այսօր երեխաներն ավելի ազատ են իրենց մտքերն արտահայտելիս.

«Այն ժամանակ էլ միջոցառումներ կային, բայց երեխաներին մի շաբաթ,երկու շաբաթ պիտի վարժեցնեին, որ խոսեին, իսկ այսօր ցանկացած երեխա խոսում է շատ կիրթ, շատ բավանդակալից»,-նշեց Գալուսը Սահակյանը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am