Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր «Երեւան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին նոր տարեշրջան է սկսել:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտները հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց եւ զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երեւանով: Երեխաներին ուղեկցել եւ բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները: Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն:

«Երեւան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում: Այսօր այն կարեւոր եւ ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում: Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է: Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,- նշել է Մարիա Բարաղամյանը նաեւ հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին եւ 18։00-ին։

Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է: «Երեւան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։