Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որը հանրաճանաչ դարձավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու՝ Էլենի դերակատարմամբ, մանուկ ժամանակ երազել է վարսահարդար դառնալ:

«Մանուկ ժամանակ ոչ շատ պասիվ եմ եղել, ոչ շատ ակտիվ, սիրված երեխա եմ եղել: Վարսահարդար չդարձա, բայց իմ մազերն եմ փորձում հարդարել»,- ասաց դերասանուհին, որը այսօր՝ հունիսի 1-ին, «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը», NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքում մի քանի ժամ պաղպաղակ վաճառեց մանկական երկաթուղուն կից զբոսայգում:

Դերասանուհին հիշում է, որ մանուկ ժամանակ, ինքը շատ է սիրել բակում խաղալ. «Սիրել եմ խաղալ ռեզին, կլաս, որը հիմա նկատել եմ, որ չեն խաղում: Սիրել եմ խաղալ նաեւ գործնագործ: Խաղերի առումով շատ ակտիվ եմ եղել: Կարծում եմ,  ինձ մոտ այն երեխայական բաները դեռ մնացել են, դեռ մանուկ եմ»:

Շուշաննա Թովմասյանի կարծիքով,  նման բարեգործական նախաձեռնություններին չմասնակցելը մեղք է. «Ես ինքս ներքին բավարարվածություն եմ ստանում, տեսնում եմ, որ ինչ-որ կերպ կարողացել եմ օգնել: Մարդիկ մեր սառնարանին են մոտենում, քանի որ նրանց հեռվից ժպտում եմ ու շնորհավորում»:

Զբոսայգում  Շուշանա Թովմասյանի կողքի սառնարանից  պաղպաղա էր վաճառում երգչուհի Անահիտ Շահբազյանը:

«Շատ  լավ աշխատանք է, ցանկացած աշխատանք էլ  կարեւոր է,  եւ ոչ մեկ ապահովագրված  չէ, որ ինքը վաղը հնարավոր է ստիպված լինի պաղպաղակ վաճառել»,- ասաց  երգչուհին:

Երգչուհի Անահիտը պատմեց, որ ինքը մանուկ ժամանակ չափազանց ակտիվ երեխա է եղել, ինչի մասին վկայում են նրա դեմքի սպիները.«Հիշում եմ, որ  շատ անգամներ բարձր տեղերից ընկել եմ: Կարելի է ասել, որ հրաշքով եմ փրկվել մնացել են միայն  փոքրիկ սպիներ»:

Նշենք, որ NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում զբոսայգու այցելուները, որոնք տեղեկանալով, որ ցուցահանդես վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն գնումներ էին կատարում ավելի հաճույքով։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Ակցիայի համար հովանոցները տրամադրել է «Կոկա կոլա» ընկերությունը:

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։