Դիզայներ Ֆաինան իր մանկությունը 6 տարեկանից համարում է ավարտված։

«Գիտեք իրականում իմ մանկության հիշողությունները  այնքան տխուր են, որ չէի ուզենա այս տոնին ասել։ Ես 6 տարեկանն էի, որ մենք գնացինք Ղարաբաղից Ղազախստան, ու ես այդ օրվանից իմ մանկությունը համարում եմ ավարտված։ Բայց ես մինչեւ այդ ունեցել եմ շատ երջանիկ մանկություն, ու միշտ, երբ որ երջանիկ եմ  լինում հիշում եմ այդ օրերը»,-ասաց Ֆաինան, որն այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, եկել էր մասնակցելու Մանկական երկաթուղում NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին:

Ֆաինան հիշեց, որ իր մանկության ժամանակ ինքը չի ընտրել իր հագուստները, ինչպես հիմա, երբ երեխաներն են որոշում՝ ինչ պիտի հագնեն։

«Մեր ժամանակ մաման ոնց բանտիկները ձիգ կապում էր, սիրուն շորիկները հագցնում, այդպես էլ հագնում էինք, այսինքն մենք այդ երեխաները չենք եղել, որ որոշեինք՝ ինչ հագնել»,-ասաց Ֆաինան։

Ֆաինան նշեց, որ երեխաների տոնը ոչ թե մեկ օր պետք է նշել, այլ ամբողջ տարին։

«Մաղթում եմ մեր երեխաներին, որ իրենք ապրեն Հայաստանում առանց պատերազմի, իրենց ծնողների երազած Հայաստանում»,- ասաց Ֆաինան։

Նշենք, որ NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում զբոսայգու այցելուները, որոնք տեղեկանալով, որ ցուցահանդես վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն գնումներ էին կատարում ավելի հաճույքով։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am