Երեւանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով երեխաների իրավունքների մի մասը ոտնահարվում է դպրոցում, քանի որ ոչ բոլոր մանկավարժներն են գիտակցում՝ ինչ  է նշանակում երեխայի իրավունքը պաշտպանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը, որն այսօր՝ հունիսի 1-ին, մանկական երկաթուղում մասնակցում էր NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքին: (ֆոտոռեպորտաժ)

«Երբ ուսուցիչները երեխայի իրավունքի մասին խոսում են, ասում են լավ չի սովորում, դասին անպատրաստ է գալիս, կարծում են՝ դա  իր իրավունքն է: Ոչ, իր իրավունքը կրթություն ստանալն է: Մեր իրականության մեջ տեսնում ենք՝ եթե դպրոցում պատմություն է լինում, միայն այն բանի համար, որ երեխան համարձակվել է իր կարծիքն ասել ու տեր կանգնել իր կարծիքին»,-ասաց Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ ինքը դրական է համարում այն, որ այսօր երեխաները փոքր տարիքից արդեն գիտեն իրենց իրավունքներն ու պաշտանում են դրանք:

Տիկին Բախշյանի կարծիքով լավ է, որ երեխաներն ավելի կայացած են, պահանջատեր, ունեն ձևավորված կարծիք:

«Այսօրվա երեխաներն արդեն փոքր տարիքից գիտեն՝ ինչը, որտեղ, երբ, իրենց կարծիքը, տեսակետն ունեն: Տենց քեֆս գալիս է, անգամ մի մատ երեխան, տեսել եմ, թե ինչպես է իր հորն ասում՝ ինձ հետ այդպես չխոսես: Այսօրվա երեխան գիտի՝ որտեղ է իր արժանապատվությունը: Այսօր ինչքան էլ դժգոհենք, որ սահմանադրությունը չի գործում, ինչը շատ իրական է, միևնույն է, օդում սավառնում է մարդու ազատ կամքը արտահայտելու իրավունքը»,-ասաց Անահիտ Բախշյանը: Նա հիշեց իր մանկությունը՝ անկեղծանալով, որ թեեւ «Սովետի երեխա է եղել», տարբերվել է իր հասակակիցներից, ընդվզել է, երբ որևէ բան չի ցանկացել անել:

Տիկին Բախշյանի խոսքով կարևոր է երեխային փոքր տարիքից վստահելն ու հարգելը, քանի որ այդպես է երեխայի  մոտ զարգանում պատասխանատվության զգացումը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրեց բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր էին։ Հովանոցները տրամադրել էր «Կոկա-կոլա» ընկերությունը։ Ակցիան տեւեց ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։