Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր մանկությունից շատ բան չի հիշում. միայն իրեն ճանաչող մարդկանց պատմելով ասում է, որ աշխույժ երեխա է եղել: Այս մասին այսօր ՝ հունիսի 1-ին, NEWS.am-ին ասաց երգչուհին, որը մանկական երկաթուղում մասնակցում էր NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքին:
«Երևի մարդիկ, որ ինձ ճանաչել են, ավելիլավ կպատմեն իմ մասին: Ասում են՝ բավականին աշխույժ երեխա եմ եղել: Ես հիշում եմ, որ դեռ մանկության տարիներից, ու մինչեւ այսօր էլ շատ բան չի փոխվել, իմ մայրիկն ինձ ասում էր՝ մարդկանց սիրել է պետք, անպայման ամեն լավ բան մի օր հետ է գալիս: Ու ես դեռ փոքր ժամանկվանից շատ հակված եմ եղել շփումների, որ մարդկանց տեսնեմ, որ իրենց հետ ժամանակ անցկացնեմ: Կարծում եմ՝ դա այն գիծն է, որ մանկությունից մնացել է, որովհետև դեռ մանկության տարիներից ես շատ սիրում էի շփվել մարդկանց հետ, ու հիմա էլ կարծես առանձնապես բան չի փոխվել այդ առումով»,-ասաց Քրիստինե Պեպելյանը՝ նշելով, որ իր մանկության երազանքներից մեկն էլ հեծանիվ ունենալն է եղել:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրեց բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր էին։ Հովանոցները տրամադրել էր «Կոկա-կոլա» ընկերությունը։ Ակցիան տեւեց ժամը 11-ից մինչեւ 18-ը։
Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























