ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իսրայելի գործողությունները, այն է՝ Միջերկրական ծովի չեզոք ջրերում «Խաղաղության նավատորմի» նավերի զավթումը, եւ կոչ է արել հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները, որի արդյունքում քաղաքացիական անձինք են սպանվել: ՄԱԿ-ի ԱԽ-ում համապատասխան հայտարարությունն ընդունվել է հունիսի 1-ի գիշերը՝ 12-ժամյա խորհրդակցություններից հետո:

Հիշեցնենք, որ նախօրեին, առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 թուրք եւ այլազգի իրավապաշտպանների ու 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Սակայն չգիտես ինչու «իրավապաշտպանների» մոտ սառը զենք ու հրազեն էր եղել եւ նրանք զինված դիմադրություն էին ցույց տվել հետախուզման նպատակով նավի վրա իջած իսրայելցի հատուկջոկատայիններին։ Առճակատման արդյունքում, որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: