«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում. Հայաստանում որեւէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ Այս մասին, մայիսի 31-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը՝ հավելելով. «30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը խոսել է կազմակերպչական խնդիրների մասին, բերել կուսակցությանն առնչվող վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությունը կօգնի հասկանալ առկա խնդիրները եւ գտնել լուծումներ։ Ռուբեն Թադեւոսյանը նաեւ ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ միայն պետք է համալրում ստանա, այլեւ մաքրվի։
Ներկաները կարեւորեցին յուրաքանչյուր ՀՀԿ-ականի իր տարիքային խմբին, նախասիրություններին ու կարողություններին համապատասխան ծրագրերի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը շեշտել է կուսակցությանն անդամագրումների ճիշտ կազմակերպումը. «Արհեստական որեւէ թիվ մեզ չի հետաքրքրում, մենք չենք ցանկանում, որպեսզի մեր կառույցներն ուռճացված տվյալներ ներկայացնեն»։
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀԿ ԵԿ հավաքում հաշվետվություններով հանդես են եկել նաեւ երիտասարդական կառույցի մարզային եւ Երեւանի խորհուրդների, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
Նշենք, որ ՀՀԿ ԵԿ հավաքները կազմակերպվում են կուսակցության հերթական համագումարներից հետո։ Դրանց ընթացքում քննարկվում են համագումարում հնչած ելույթները, թեզերն ու դրույթները, նախանշվում են նաեւ առաջիկա անելիքները։




























