Սիրիայի տարբեր նահանգներում տեղի են ունենում երկրի նախագահ Բաշար Ասադին սատարող զանգվածային ամփոփիչ միջոցառումներ` վաղը նախատեսված նախագահական ընտրությունների ենթատեքստում:
«Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանը փոխանցում է, որ Սիրիայի գործող նախագահի զորակցությամբ են հանդես եկել մայրաքաղաքի «Ալ Ֆեյհա» մարզահամալիրում տեղի ունեցած փառատոնի մասնակիցները: Իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության տարածաշրջանային քարտուղարի տեղակալ Հիլյալ Հիլյալը հայտարարել է, որ արտասահմանում ապրող սիրիացիների զանգվածային մասնակցությունը քվեարկությանը եւ երկրի ներսում հունիսի 3-ին ընտրատեղամասեր գալու քաղաքացիների պատրաստակամությունը վկայում են, որ աշխարհում ոչ ոք ի վիճակի չէ կոտրել Սիրիայի ժողովրդի կամքը, որը ընդդիմանում է ահաբեկչությանը եւ դավադրությանը: Դամասկոսի քաղաքային կոմիտեի քարտուղար Ջամալ քադերին ընդգծել է, որ ընտրությունների օրը Սիրիայի ժողովուրդը կհաստատի, որ ինքն ուժեղ է ահաբեկչությունից եւ արտաքին ճնշումներից:
Բաշար Ասադի զորակցության համանման գործողություններ են կազմակերպվել Տարտուս, Հասակա եւ Սուվեյդա նահանգներում:






























