Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված ժամկետային չորս զինծառայողների վիճակները բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Զինվորների վիճակը բավարար է, դեռ դուրս գրված հիվանդ չունենք: Աչքի վիրավորում ստացած զինվորին նորից պետք է վիրահատենք, բայց արդեն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»,- ասաց նա:

Նշենք, որ զինծառայողները ստացել էին բեկորային վնասվածքներ: Մայիսի 31-ին վիրավորված տղաներին այցելության էր գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ:  Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին: