Իրանի մայրաքաղաք Թեհրանում Սիրիայի բարեկամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների խորհրդի 2-րդ նիստն է կայացել:

Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, նիստին ելույթ է ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին` հայտարարելով, թե Սիրիայում ժողովրդավարության կայացումը բոլորովին էլ ուժային մեթոդներով չի ընթանում: Նրա խոսքով, երբեք ժողովրդավարության հետ առնչություն չունեցած որոշ երկրներ այսօր «կոկորդիլիոսի արցունքներ» են թափում Սիրիայում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ: Լարիջանին ընդգծել է, որ հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացումը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ Սիրիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում իր ժողովրդի կամքին: Նա խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան ու տարածաշրջանային դաշնակիցների` նախագահական ընտրությունների նկատմամբ դրսեւորած հակասիրիական դիրքորոշումը:

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը եւս մեկ անգամ հավաստել է, որ իր երկիրը շարունակում է Սիրիայի ներքին գործերին ցանկացած կարգի արտաքին միջամտության հակառակորդը մնալ` ընդգծելով, որ նախագահական ընտրությունները Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման եւ անվտանգության ու կայունության վերականգնման ճանապարհին ձեռնարկվող կարեւորագույն քայլերից մեկն են լինելու: