«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 64-ամյա Ալբինա Բադալյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:

«Ալբինա Բադալյանը ուրբաթ երեկոյան դուրս է գրվել, մյուս չորսը դեռ հիվանդանոցում են, ապաքինվում են, դեպի լավն են գնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:

Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am